Եթե արդեն կուտակել եք որևէ գումար կամ նոր եք որոշել կուտակել, ապա առաջին հարցը, որը պետք է տաք ինքներդ Ձեզ, այս է՝ որտե՞ղ պահել գումարը: Դիտարկենք 2 հիմնական տարբերակ՝ պահել գումարը տանը, այսպես ասված «դոշակի տակ» կամ բանկում:
Տանը պահելը ունի միայն 1 առավելություն՝ գումարը միշտ Ձեզ մոտ է և ցանկացած պահի, անկախ շաբաթվա օրից, կամ օրվա ժամից, կարող եք այն օգտագործել: Միևնույն ժամանակ առկա են հետևյալ թերությունները՝ գումարը տանը գտնվելով «չի աշխատում» և Ձեզ եկամուտ չի բերում, ինչպես նաև գումարը կարող են գողանալ տանից:
Բանկում ներդնելու դեպքում Ձեր գումարը եկամուտ կբերի տոկոսի տեսքով, որը ոչ միայն կպաշտպանի գնաճից (ինֆլյացիայից), այլ նաև կարող է Ձեզ ապահովել որոշ հավելյալ եկամուտով: Հայաստանի բանկային համակարգի բոլոր բանկերը վստահելի են, սակայն Ձեր բանկի սնանկության դեպքում գումարը կորցնելու ռիսկը ամբողջովին բացառելու համար Ձեր կողմից ներդրված ավանդը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Յուրաքանչյուրս մենք ենք որոշում, ինչպես տնօրինել մեր գումարը, ուստի այստեղ միանշանակ ճիշտ տարբերակը բացակայում է և որոշումը, որտեղ պահել կուտակած գումարը անհատական է, սակայն բանկերում պահվող ավանդների ծավալը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է բանկում ավանդ ներդնելու տարբերակի աճին: