Այս թեմայով առկա են շատ քննարկումներ, կարծիքներ, կան կողմնակիցներ, ովքեր ասում են, որ ամեն ինչ գնում են վարկով և կան հակառակ կարծիք ունեցողներ, ովքեր երբևէ չեն օգտվել վարկերից և չեն
էլ պատրաստվում օգտվել: Վերցնել վարկ՝ թե ոչ, դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, իսկ մենք կփորձենք դիտարկել դրա առավելությունները և թերությունները:
Առավելություններ
- Օգտվել ապրանքից այսօր, իսկ դրա համար վճարել որոշ ժամանակի ընթացքում: Ապառիկ հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան և այլն:
- Հիփոթեքի միջոցով ունենալ սեփական բնակարան/տուն և չվարձակալել այն, կամ իրականացնել բնակարանի վերանորոգում կամ կառուցել նոր տուն:
- Վարել ավտոմեքենա այսօր, իսկ դրա համար վճարել ժամանակի ընթացքում:
- Վարկի միջոցով կազմակերպել հանգիստը, և հետագայում մաս-մաս վճարել դրա համար:
- Օգտվել վարկային գծից, ժամանակավոր գումարի պակասի խնդիրը լուծելու համար և չվերցնել «պարտքով» գումար ծանոթներից:
- Վարկի շնորհիվ իրականացնել Ձեր կամ Ձեր երեխաների ուսման վճարները:
Թերություններ (ռիսկեր)
- Վարկի միջոցով գնել ապրանքներ, որոնք չունեն առաջնային անհրաժեշտություն և չեն համապատասխանում գնորդի ֆինանսական հնարավորություններին, օրինակ՝ թանկարժեք հեռախոս, որի պատճառով եկամտի մեծ մասը կարող է ուղղվել այդ ապառիկի մարմանը:
- Հիփոթեքի միջոցով բնակարանի ձեռքբերման դեպքում, վարկի սպասարկման ընթացքում փաստացի վճարվում է բնակարանի արժեքից 1.5-2 անգամ գերազանցող գումար:
- Վարկը տալիս է հնարավորություն ծախսել ավելին քան Ձեր եկամուտն է, և Դուք (այլ ոչ թե բանկը) պետք է հետևեք, որպեսզի Ձեր վարկերի քանակը այնքան չաճի, որ Ձեր եկամտի մեծ մասը ստիպված լինեք ուղղել վարկերի մարմանը:
- Նախքան վարկից օգտվելը անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ վարկի բոլոր պայմաններին, որպեսզի հետագայում չառաջանան խնդիրներ վարկի սպասարկման հետ:
Ամփոփելով վերոնշյալ առավելությունները և թերությունները կարելի է եզրահանգել, որ վարկը դա հնարավորություն է` օգտվել գումարից այսօր և վճարել դրա դիմաց հետագայում: Սակայն շատ կարևոր է, որպեսզի վարկառուն վարկը վերցնելիս պատասխանի այս հարցերին՝
- Ինչի՞ համար է պետք վարկի գումարը:
- Իսկապե՞ս այդ ապրանքը, որ նախատեսում եք գնել, անհրաժեշտ է այսօր, թե կարող եք գնել նաև որոշ ժամանակ անց` Ձեր կուտակած գումարով:
- Դուք մանրամա՞սն ծանոթացել եք վարկի պայմաններին և հստակ գիտակցու՞մ եք, որքան գումար եք վճարելու յուրաքանչյուր ամիս և ամբողջ վարկի ընթացքում:
- Ձեր եկամուտները բավարա՞ր են վարկի ամսական մարումները իրականացնելու համար, հաշվի առնելով Ձեր ամսական ընթացիկ ծախսերը:
Եթե այս հարցերից ցանկացած մեկի պատասխանը «Ոչ» է, ապա մտածեք ևս մեկ անգամ, արդյո՞ք անհրաժեշտ է վերցնել այդ վարկը` թե ոչ:
Հիշեք, որ Ձեր եկամուտները և ծախսերը Դուք եք կառավարում: