Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպես եք մարում Ձեր վարկերը: Յուրաքանչյուրս սկսում ենք ձևավորել մեր վարկային պատմությունը, երբ առաջին անգամ դիմում ենք բանկ/վարկային կազմակերպություն վարկ ստանալու համար, ուստի շատ կարևոր է սկսած առաջին վարկից հետևել Ձեր վճարումներին և չուշացնել մարումները:
Ի՞նչ տեղեկություն է պարունակում Ձեր վարկային պատմությունը: Այնտեղ Դուք կարող եք գտնել տեղեկություն Ձեր վերջին 5 տարիների ընթացքում ստացված, մարված և գործող վարկերի մասին, ինչպես նաև Ձեր կողմից երաշխավորված վարկերի մասին:
Հիշեք, որ անգամ 1 օր ժամկետանցումը արտացոլվում է Ձեր վարկային պատմության մեջ և կարող է խանգարել Ձեզ վարկի դիմելիս:
Ամենատարածված սխալը վարկային պատմության վերաբերյալ դա այսպես կոչված «Սև ցուցակն» է: Իրականում որևէ «Սև ցուցակ» գոյություն չունի և Ձեր վարկային պատմության մեջ ընդամենը երևում է, թե Դուք ինչպես եք սպասարկել Ձեր վարկերը, որքա՞ն ժամկետանց եք ունեցել, ե՞րբ եք կատարել մարում և այլն և Դուք չեք հայտնվում որևէ «Սև ցուցակում»: Յուրաքանչյուր բանկ/վարկային կազմակերպություն ինքն է որոշում ինչպիսի վարկային պատմությամբ հաճախորդներին վարկավորել: Հիմնականում բանկերի պահանջները ավելի խիստ են, իսկ վարկային կազմակերպություններինը՝ ավելի թույլ, ինչի հետևանքով վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի տոկոսները ավելի բարձր են:
Եթե ուզում եք մշտապես կարողանալ օգտվել ավելի ցածր տոկոսով և ավելի լավ պայմաններով վարկերից, ապա հետևեք Ձեր կողմից կատարվող մարումներին, մի ուշացրեք վճարումները և մի երաշխավորեք ոչ վստահելի ընկերների/բարեկամների, քանի որ իրենց կողմից վճարումների ժամկետանցումները ազդում են նաև Ձեր վարկային պատմության վրա:
ԱՔՌԱ վարկային բյուրոն Ձեզ հնարավորություն է տալիս տարվա ընթացքում 1 անգամ անվճար ստուգել Ձեր վարկային պատմությունը, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել և Դուք կստանաք հնարավորություն ստուգել Ձեր վարկային պատմությունը: