Թուրքիայի դոլարային պարտատոմսերի գինը չորեքշաբթի նվազել է ավելի քան մեկ ցենտով, մինչդեռ երկրի սուվերեն պարտքի ապահովագրման ռիսկերի գինն աճել է, ինչը պայմանավորված է ԼՂ շուրջ ծավալվող ռազմական գործողություններով:
Ինչպես հաղորդում է investing.com կայքը, Թուրքիայի պատրատոմսերի ապրիլյան թողարկումը, որի մարման վերջնաժամկետը 2043թ. է, ինչպես նաև փետրվարյան թողարկումը, որի մարման վերջնաժամկետը 2045 թ. է, մեկ դոլարի հարաբերակցությամբ արժեզրկվել են ավելի քան մեկ ցենտով:
Tradeweb-ի տվյալները փաստում են, որ սա ավելի քան երկու շաբաթվա ընթացքում օրվա կտրվածքով խոշորագույն անկման դեպքն է:
Աղբյուրը հավելում է, որ չորեքշաբթի թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ անկման նոր հակառեկորդ է սահմանել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում են:
Բացի այդ, լիրայի փոխարժեքի անկումը պայմանավորված է ԱՄՆ-ի մտավախություններով առ այն, որ Անկարան կարող է առաջիկայում փորձարկել ռուսական S-400 համակարգերը: