2 տարվա ընթացքում պետական գործուղումների համար ձեռք բերվող ավիատոմսերի գնումների գործընթացում խնայվել է մոտ 2 մլրդ դրամ:
Ի տարբերություն նախկինում գնումների ընթացակարգով կատարվող ավիատոմսերի ձեռքբերման գործընթացի՝ հիմա ԷԿԷՆԳ-ի հարթակում ներկայացվում են ավիատոմսերի նվազագույն արժեքները:
Ավիատոմսերի արժեքի վերահսկողության համակարգը ներդրվել է 2016 թվականին, քանի որ ակնհայտ է դարձել, որ պետական գործուղումների համար գնումների ընթացակարգով ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը վերահսկելի չէր. «Չկար ստուգող գին, եւ հետագայում աուդիտ անելիս չգիտեին՝ ինչն ինչի հետ համեմատեն, որովհետեւ ավիատոմսերը ծնվում-մահանում են մեկ ակնթարթում, իսկ դրանց արժեքի ստեղծումը վերահսկելի չէ: Պետությունն ինչ-որ կերպ պիտի վերահսկեր՝ պաշտոնյաները էկոնոմ դասի տոմսով են մեկնում, թե՝ բիզնես դասի: Չգիտեր՝ ինքն ինչի համար է վճարում, այդ թվերն իրական են, թե նկարված» ասաց ԷԿԵՆԳԻ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն Տատյանա Մակարյանը:
Այդպես էլ ստեղծվել է ԷԿԷՆԳ-ի այս հարթակը, որի միջոցով, եթե նույնիսկ ԷԿԷՆԳ-ը չի անում վաճառքը, ապա գոնե վերահսկում է: Հարթակին են միացել բոլոր ուղիղ թռիչք ապահովող ավիաընկերությունները՝ տոմս ստեղծողները: «Սկզբում մեծ աղմուկ բարձրացրին տուրիստական գործակալությունները, թե իրենց շուկան է վերցվում, սակայն իրականում մենք տոմսի խնդիր չենք լուծում. անգամ դեսպանի կնոջ համար, եթե գործուղման շրջանակում չէ, վաճառք չի արվում: Սա հարթակ է բացառապես պետբյուջեից գնումների համար»,- ասաց Մարկարյանը:
Այս համակարգի գոյությունը հանգեցրել է նրան, որ տոմսերը կտրուկ էժանացել են, եւ ձեռք բերվող տոմսի որակն ընկել է, քանի որ եթե նախկինում բիզնես դասի, առաջին, երկրորդ կարգի տոմսերով էին գործուղումների մեկնում, ապա հիմա արդեն հարթակը բերում է ամենաէժան տոմսերը, իսկ դա բնականաբար միշտ չէ, որ ամենահարմարն է. պետական պաշտոնյաները նույնիսկ առաջարկել են գնել լավ տոմս՝ անձամբ վճարելով տոմսերի արժեքների տարբերությունը, սակայն նման հնարավորություն պետությունը չի նախատեսում:
ԷԿԷՆԳ-ի գինը ոչ միշտ է, որ ամենաէժանն է. «Եթե, օրինակ, տուրիստականները փակում են Մոսկվա-Երեւան թռիչքը, տոմսերի արժեքը բարձրանում է, քանի որ մնում են բարձր դասերը: Մենք էլ առաջարկում ենք, որ չվերցնեն ԷԿԷՆԳ-ից, այլ մեր գինը դիտարկելով՝ գնան-գնեն ուրիշ տեղից: ԷԿԷՆԳ-ի գործառույթը ոչ թե վաճառքն է, այլ՝ վերահսկողությունը: Մենք ապահովում ենք տեխնիկական մասը»: