Ցանկացած բանկի/վարկային կազմակերպության վարկերի առաջարկները ուսումնասիրելիս կարելի է տեսնել տոկոսների մեծ միջակայք: Ինչպե՞ս է որոշվում վարկը տրամադրել 10%-ով, թե օրինակ՝ 24%, կամ ավելի բարձր տոկոսով:
Վարկի տոկոսը (գինը), ինչպես ցանկացած այլ ապրանքի գինը (սեղանի, հացի, պահածոյի) որոշվում է նույն բանաձևով՝ ինքնարժեք + ծախսեր + շահույթ:
Վարկի դեպքում ինքնարժեքը դա փողի արժեքն է, որը բանկը/վարկային կազմակերպությունը ներգրավում է: Փողի ներգրավվման աղբյուրները կարող ենք բաժանել 2 խմբի՝ փող ներգրավված ավանդների տեսքով և փող, ներգրավված տարբեր ֆոնդերից: Ներգրավվման տոկոսը լինում է վարկի ինքնարժեքը, օրինակ, եթե ավանդի միջին տոկոսադրույքը 8% է, ապա վարկի ինքնարժեքը 8% է:
Ծախսերը իրենց մեջ ներառում են 2 խումբ՝ գործառնական ծախսեր (Ձեզ սպասարկող աշխատակցի աշխատավարձ, մասնաճյուղի տարածքի վարձակալություն և այլն) և վարկը չվերադարձնելու ռիսկ (այսինք, եթե 100 հաճախորդի տրամադրվում է վարկ և 10-ը չեն վերադարձնում, ապա վարկը չվերադարձնելու ռիսկը 10% է): Վերջին բաղադրիչը շահույթի մակարդակն է, որը հիմնականում բանկային համակարգում տատանվում է 2.5-3% շրջանակներում:
Հիմնական բաղադրիչը, որի փոփոխության արդյունքում վարկի տոկոսը լինում է բարձր կամ ցածր դա չվերադարձնելու ռիսկն է: Վարկային կազմակերպություններում վարկերի տոկոսները ավելի բարձր են, քանի որ վարկերը տրամադրվում են հաճախորդների, որոնք նախկինում ունեցել են ժամկետանցումներ, եկամուտը գրանցված չէ և այլն: Հիփոթեքի դեպքում տոկոսադրույքը ցածր է, քանի որ տրամադրման պայմանները շատ ավելի խիստ են և լավ վարկային պատմություն չունեցող հաճախորդները չեն կարողանում օգտվել այդ վարկատեսակից:
Ձեր գործող վարկերը ժամանակին վճարելու դեպքում Դուք ոչ միայն ձևավորում եք լավ վարկային պատմություն, և ունենում հնարավորություն հետագայում նույնպես օգտվել վարկերից, այլ նաև կարող եք դա անել ավելի լավ պայմաններով: