Ֆինանսական մեքենայությունների հետ կապված փաստաթղթերի հերթական արտահոսքն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դրա շնորհիվ հայտնի է դարձել, որ աշխարհի մի քանի խոշոր բանկեր հանցագործներին հնարավորություն են տվել 2 տրիլիոն դոլար գումարի տեղաշարժ կատարել ամբողջ աշխարհում։
Խոսքը FinCEN-ի ֆայլերի մասին է։ Դա ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանում է, որը զբաղվում է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով։ FinCEN-ի ֆայլերը բաղկացած են ավելի քան 2500 փաստաթղթերից և ներառում են 1999-2017թթ. կատարված տարբեր բանկային գործարքների զեկույցներ, որոնք բանկերն ուղարկել են ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ նշելով, որ իրենց հաճախորդները կասկածելի գործողություններ են կատարում։ Այդ զեկուցներն ինքնին օրենքի խախտման ապացույց չեն։
Վերջին 5 տարիների ընթացքում տվյալների ևս մի քանի արտահոսք էր տեղի ունեցել, որոնց շարքում էին «Պանամական դոսյեն» և «Դրախտային դոսյեն», որոնք ցույց են տվել, թե ինչպես են կառուցված փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ժամանակակից սխեմաները։
FinCEN-ի փաստաթղթերը հայտնվել են Buzzfeed-ի լրագրողների տիրապետության տակ, վերջիններս էլ դրանք փոխանցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ), որը ներառում է 108 լրատվական կազմակերպություններ 88 երկրներում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթերի արտահոսքը և հրապարակումը կարող է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, վտանգի տակ դնել տարվող հետաքննությունները, ինչպես նաև սպառնալիքի տակ դնել այն կազմակերպությունների և անձանց անվտանգությունը, որոնք իշխանություններին կասկածելի գործարքների մասին զեկույցներ են տրամադրել։
BBC-ն հայտնում է, որ փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես են ռուս օլիգարխները բանկերն օգտագործել, որպեսզի խուսափեն պատժամիջոցներից, որոնք պետք է նրանց թույլ չտային իրենց փողերն Արևմուտք հասցնել։