Բոլորս հանդիպած կլինենք գետնանցումներում, կանգառներում, վերելակներում, կայքերում և իհարկե Facebook-ում, նմանատիպ գովազդ՝ «Արագ վարկեր», «Օգնում ենք ստանալ վարկ» և այլ հայտարարություններ: Ովքե՞ր են այդ մարդիկ, որ վարկ են «տրամադրում» կամ «օգնում են» ստանալ վարկ:
Նրանք լավագույն դեպքում «տոկոսով» փող են տրամադրում, վատագույն դեպքում՝ զբաղվում են խարդախությամբ: Վարկ տրամադրելու իրավունք ունեն միայն լիցենզավորված Բանկերը և Վարկային կազմակերպությունները, որոնց ամբողջական ցանկը կարող եք գտնել մեր կայքում:
Եթե Ձեզ վարկ առաջարկող կազմակերպությունը չկա այս ցանկում, ուրեմն իրենք իրավունք չունեն վարկ տրամադրել:
Այժմ անդրադառնանք «միջնորդ», «օգնական» կազմակերպություններին կամ անձանց, որոնք ներկայացնում են, որ իբր «ծանոթ» ունեն բանկում կամ վարկային կազմակերպությունում և կարող են «օգնել» ստանալ վարկ: Ինչպե՞ս է իրականում այդ «միջնորդությունը» աշխատում: Միջնորդը Ձեզ ասում է մոտենալ բանկ/վարկային կազմակերպություն, դիմել վարկի, քանի որ ինքը նախորոք «պայմանավորվել է»: Իրականում «միջնորդը» ոչինչ չի անում, եթե Ձեր վարկը հաստատվում է, նա ներկայացնում է, թե իբր ինքն է «կազմակերպել» և պահանջում իր մասնաբաժինը, եթե մերժվում է՝ ասում է «չստացվեց»:
Երբեք մի՛ դիմեք այդպիսի կազմակերպությունների/անձանց, նրանք օգտվելով Ձեր վարկ ստանալու անհրաժեշտությունից, Ձեզանից գումար են շորթում և ոչինչ չեն անում: Իրականում իրենք ոչ մի ազդեցություն չունեն վարկի հաստատման կամ մերժման վրա:
Այդպիսի անձանց/կազմակերպություններին դիմելու դեպքում Ձեր իրավունքները պաշտպանված չեն: Եթե տուժել եք նման անձանց գործողություններից, ապա դիմեք Ոստիկանություն: