Ամերիկյան «Chevron» ընկերությունը հայտարարել է, որ լուծարում է Ադրբեջանում իր ներկայացուցչությունը։ Այս մասին «Ինտերֆաքս-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունից։ «Chevron Azerbaijan Limited-ի լուծարման հետ կապված պարտատերերի պահանջներն ընդունվում են երկու ամսվա ընթացքում»,- հայտնել են հարկային ծառայությունից։ Ներկայում ամերիկյան նավթային ընկերությունն Ադրբեջանում ոչ մի նախագծի մաս չի հանդիսանում։ Նշենք, որ Chevron-ը բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։ 2019 թվականի նոյեմբերի 4-ին ամերիկյան ընկերությունը հունգարական MOL ընկերության հետ համաձայնագիր կնքեց՝ իր և Ադրբեջանի իր ակտիվները վաճառելով 1․57 մլրդ դոլարով։ Խոսքն Ազերի-Չիրագ-Գյունեշլիում 9․57 տոկոս և Բաքու-Թբիլիսի-Ջեհյանում 8․9 տոկոս բաժնեմասերի վաճառքի մասին է։ Գործարքն ավարտվել է 2020թ․ ապրիլի 16-ին։ Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ՝ աշխարհի խոշորագույն Exxon Mobil ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Ընկերությունը 2018 թվականին արդեն փորձել է վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլիում ունեցած 6.8 տոկոսանոց մասնաբաժինը: Հիմա էլ, տարբեր հրապարակումների համաձայն, Exxon Mobil-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։