ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ ներկայացված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և այլ չափանիշներով որոնման գործիքներ ունեցող նաև օրենքների ակտիվ հղումներ պարունակող համակարգը կոմիտեն ստեղծել է Համաշխարհային բանկի հետ համատեղ` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում:
Petekamutner.am կայքի գլխավոր էջում` «Օգտակար տեղեկատվություն» հատվածում, գտնվող շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը նշել է, որ շտեմարանի տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները:
Շտեմարանում արդեն տեղադրված են իրազեկման մոտ 40 թերթիկ, որոնց թիվն առաջիկայում կավելանա: